Գործադիրը որոշում է ընդունել՝ պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման գծով ծախսերը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ: 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող և կառուցվող անշարժ գույքերի հետ կապված: Նշված հանգամանքով պայմանավորված 2024 թվականի վերջին ամիսներին արձանա-գրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավել աճի, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար (ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973 իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954):
Որոշմամբ առաջարկվում է Կոմիտեի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման ծախսերը ավելացնել 12,587,642.5 հազար դրամով, որից` 7,260,000.0 հազար դրամը «1241 Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում» ծրագրի «12001 Առև-տրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակներում տարեկան կտրվածքով առաջացած խնայողությունների հաշվին, իսկ 5,327,642.5 հազար դրամը «1043 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «11018. Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման շրջանակներում տարեկան կտրվածքով առաջացած խնայողությունների հաշվին: Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաև որոշմամբ առաջարկվող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:
Խոսելով մարզերում կառուցապատման աշխատանքների խթանման մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Մի բան է Երևանին կպած մարզերը, մի այլ բան է Երևանի և այդ մարզերի սահմանը: Այսինքն՝ Երևանին կպած մարզերի քաղաքներում կառուցապատման խթանման գործիքը դեռևս պետք է աշխատի: Բայց միևնույն ժամանակ, չպետք է ունենանք մի իրավիճակ, որի արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը մարզերի հետ»: Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այս առումով լրացուցիչ կարգավորումների կարիք կա: