Խորհրդարանը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է պատգամավոր Էմմա Պալյանը: Նշենք, որ Հռիփսիմե Հունանյանը ներկայումս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է Արսեն Թորոսյանի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո:
Հռիփսիմե Հունանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա որոշ խնդիրների եւ բացերի, ինչպես նաեւ իր աշխատանքային ուղուն: «Չնայած առկա խնդիրներին՝ մենք պետք է չկանգնենք եւ քայլ առ քայլ կատարելագործենք մեր առողջապահությունը, որն էլ արվում է բժշկական համայնքի՝ ՇՄԶ ծրագրերին հավատարմագրվելով: Մենք պետք է առողջապահության ոլորտում ձեւավորենք նոր մշակույթ՝ առողջապահության պահպանման առաջնային օղակ»,- մասնավորապես, ասել է թեկնածուն: Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է նաեւ առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ մարտահրավերները:
Անդրադառնալով առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հարցին` թեկնածուն նշել է, որ առաջիկայում համապատասխան օրենքը կներկայացվի Ազգային ժողով, եւ հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ ու աշխատանքային քննարկումներ:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են հայտնում պատգամավորները: