ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանական կողմի՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը և դրա հնարավոր իրավական ու քաղաքական ազդեցություններին։
«Միջազգային հարթակներում ելույթներից հետո իմ ընկալումն այն է, որ երբ Ադրբեջանը ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն։
Ես ասում եմ՝ ՀՀ-ում չկա տենց բան, և կարող եմ դա ապացուցել ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է Զանգեզուր։ Ասում են՝ թող ասեն։ Բայց դա Հայաստանի մասին չէ։
Անուն են ուզում դնել։ Պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է։ Հազար ներողություն, կարող է որոշեն անունը դնել «Ալբերտ Էյնշտեյն»։ Թող դնեն։ Դա մեր ինքնիշխանության հետ կապ չունի»։
Վարչապետը շեշտել է, որ ՀՀ տարածքով որևէ «միջանցք» գոյություն չունի և դա հաստատված է միջազգային փաստաթղթերով, ներառյալ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերով։
«Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիս-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք»,- նշել է նա։