«Ապահովագրության փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է 129.600 դրամ, որը իր մեջ ներառում է կանխարգելիչ վաղ հայտնաբերմանն ուղղված կլինինգային ծրագրեր»,-հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։
Նա նշել է, որ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
Օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված, և սկսվելու է 2026 թվականից՝ ներառելով մինչև 18 տ. երեխաները, 65 տարին լրացած և 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները և անապահովություն բալ ունեցող քաղաքացիները. «2026 թվականից ներառվելու է նաև 200 հազար դրամ և այլ եկամուտներ ունեցած անձինք։ Նախորդիվ մենք նշել էինք 500 կամ 300 հազար դրամից ավել, բայց այս քայլը անում ենք՝ ներառելով մեծ թվով քաղաքացիներ»,-ասել է նա և ընդգծել, որ այդ անձանց թիվը մոտ 190 հազար է։
Ըստ նախարարի՝ այն բոլոր անձինք, որոնք 200 հազար դրամից ավել են ստանում և սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, իսկ մյուսները, որոնք դեռ այս խմբում չեն, կշարունակեն օգտվել վճարվող ծառայություններից. «Սակայն այս խումբը կներառվի արդեն 2027-ի և 28-ի խմբերում»։
Ապահովագրության համապարփակ համակարգում ներառվելու են նաև պետության կողմից 100% սուբսիդավորվող այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ռեզիդենտ։