Հասարակություն

Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ

Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել  և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Վերը նշված հանցավոր արարքների համար երկու պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջիններիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Պետությանը պատճառված 4.501.550 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական