Հասարակություն

Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն․ Ալեն Սիմոնյան

Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: 

«Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարգավաճում ցանկանալով բարեկամ Կիպրոսի ժողովրդին: Այս առանձնահատուկ օրն արժևորում է Ձեր երկրի ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունն ու ժողովրդավարական ձգտումները պաշտպանելու հարցում:

Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովուրդների համար: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ու խորացնել միջպետական հարաբերությունները: Այժմ էլ երկու երկրների միջև ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն` բազմոլորտ երկկողմ օրակարգով:

Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչն ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական ակտիվ երկխոսությամբ:

Հայաստանը և Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ: Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին և իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար:

Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը և այլն:

Ջերմ և ակտիվ է նաև երկու խորհրդարանների միջև համագործակցությունը, որի վկայությունն այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի և իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելությունն էր, միջխորհրդարանական հանձնաժողովների միջև առկա ակտիվ երկխոսությունը: Արդյունավետ փոխաջակցություն է ծավալվել նաև բազմակողմ ձևաչափում՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում:

Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր ենք գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատև պատմություն ենք կերտելու: Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնը: Կեցցե՛ Կիպրոսի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԺ նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական