Հասարակություն

Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար․ ՀՀ դեսպան

Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար․ ՀՀ դեսպան

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպվել Նյու Դելիում ՀՀ դեսպանության կողմից, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարը, հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից։

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում, ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին մի քանի տարիների քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին։ ՀՀ դեսպանը նաև, նշելով, որ Հայաստանի համար բարեկամ Հնդկաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր, որի հետ ձգտում կա հաստատել հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, համոզմունք է հայտնել, որ ընթացիկ շփումների և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն օժտված կլինի առավել ամուր և հեռանկարային բնույթով։

ՀՀ դեսպանն, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հնդկաստանի համար։

Հնդկաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Սիբի Ջորջն իր հերթին նշել է երկու երկրների խորը բարեկամական և պատմական կապերի և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված քայլերի մասին, որի շուրջ նաև մտքեր են փոխանակվել ՀՀ դեսպանի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում:

ՀՀ դեսպանության կողմից երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ընդունելությանը Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) հրավերով Նյու Դելի ժամանած «Հայ աստղեր» և «Նանե» պարային համույթները հանդես են եկել «Հայաստանը շարժման մեջ» խորագրի ներքո ազգային պարերի կատարումների համատեղ ծրագրով, որն արժանացել է բազմաթիվ ներկաների ջերմ և հիացական արձագանքին:

Ընդունելությանը ներկա էին մի քանի տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի գերատեսչական, խորհրդարանական, պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական