Դպրոցներում բջջային հեռախոսները սահմանափակելու՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նշվում է, որ դասագրքերում կան QR կոդեր, որոնք կարելի է օգտագործել միայն սմարթֆոններով, և այդ պարագայում հեռախոսների սահմանափակումները հակասում են դասագրքերի տրամաբանությանը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը, սակայն, պնդում է. «Խոսքը հեռախոսների ամբողջական արգելքի մասին չէ։ Ծնողները նույնիսկ կարծում էին, թե ուղղակի հեռախոս ունենալն է արգելվում։ Բնականաբար, այդպես չէ։ Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ դասագրքերում QR կոդերի առկայությունը կարևոր նորամուծություն է, որից օգտվում են ուսուցչի օգնությամբ»։
Radar Armenia-ի հետ զրույցում Խաչատրյանն՝ ընդգծեց, որ դասագրքերը երեխաներից չեն վերցվում, հեռախոսները՝ ևս, նրանք տանը կարող են օգտվել լրացուցիչ նյութերից, անհրաժեշտության դեպքում՝ նաև դասարանում։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը քարացած իրավական ակտ չէ, այլ՝ շրջանառության մեջ դրված առաջարկ։ Այն քննարկվելու է ուսուցիչների, ծնողների և տնօրենների հետ։ Խաչատրյանն ընդգծեց, որ հնարավոր է՝ կոնկրետ առարկայի պարագայում հեռախոսը խիստ անհրաժեշտ լինի, օրինակ՝ խմբային աշխատանք իրականացնելու համար. «Քննարկումներից է պարզ դառնում, որ առավել ընդունելի է մեր առաջարկած տարբերակը»,-ասաց նա և հավելեց՝ որոշ դպրոցներում այն կիրառվում է, բայց պետք է համընդհանուր մոտեցում լինի։
Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց նաև ԿԳՄՍՆ նախարարություն։ Նրանց գրավոր պարզաբանման համաձայն՝ թվային գործիքները, այդ թվում՝ հեռախոսները, դասապրոցեսի ընթացքում կարող են ունենալ կարևոր դերակատարում. «Արգելքները չեն նպաստում թվային գրագիտության զարգացմանը և ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս։ Հետևաբար, անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում․ բջջային հեռախոսները չպետք է խանգարեն ուսումնական գործընթացին, սակայն պետք է ապահովվի թվային կրթական հնարավորությունների մատչելիությունը բոլոր սովորողների համար»,- ասված է պարզաբանման մեջ։
ԿԳՄՍ-ից նշեցին նաև, որ եթե սովորողը չունի անհատական հեռախոս, ապա դպրոցը պետք է ապահովվի տեխնիկական միջոցների հասանելիությունը։ Իսկ բջջայինների օգտագործման կարգավորումները պետք է ամրագրվեն տվյալ ուսհաստատության ներքին կարգապահական կանոններում։
Լիլիթ Աբրահամյան