ԲԴԽ-ն առաջարկ է ներկայացրել հանրապետության նախագահին՝ Դավիթ Գրիգորյանին Կոտայքի առաջին ատյանի ընդհ․ իրավասության դատարանի քրեական դատավոր նշանակելու համար։ Որոշումն ընդունվել է երեկ։
Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ․ մայիսի 18-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։
Այնուհետև հակակոռուպցիոն կոմիտեում գործ էր հարուցվել, Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գործը քննվել էր հակակոռուպցիոն դատարանում, որն էլ 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի անմեղությունը։ Դատավճիռը բողոքարկվել էր վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ դատարան, սակայն մնացել անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ։