Քաղաքական

«Մարտի 1»-ի գործը հրապարակային է, ամեն ինչ նկարագրված է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մարտի 1»-ի գործը հրապարակային է, ամեն ինչ նկարագրված է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շահագրգռված է «Մարտի 1»-ի գործում. «Բայց այդ շահագրգռվածությունը տասնապատիկ կաշկանդվածություն է ինձ համար, որ չլինի, թե՝ վարչապետ եմ և այդ կարգավիճակի բերումով ազդեցություն եմ գործում, ինչը նույնպես խնդրահարույց է»։

Նա նշել է, որ ուրախ է «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշման համար. «Մենք ունենք դիլեմաներ՝ ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը, որ չստացվի ժողովրդավարությունը պաշտպանելու ներքո բռնապետություն ենք հաստատում։ Սրանք լուրջ դիլեմաներ են»,- ասել է նա։ 

Ըստ վարչապետի՝ «Մարտի 1»-ի քրգործերը հրապարակային են. «Ամեն ինչ նկարագրված է՝ ապօրինի խմբերի ձևավորումը, նրանց վճարումը, ով ում փող տվեց, ոնց տվեց։ Այլ բան, որ դատական հարթության մեջ այդ ամենը պետք է արձանագրվի օրինական ձևով»։

Վարչապետն ասել է, որ ինքը համաձայն չի եղել Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ։

«Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզո՞ւմ ենք, թե չենք ուզում: ՄԻԵԴ-ի որոշումները շատ լուրջ պետք է ազդակ դառնա, որ ոչ, մեր դատաիրավական համակարգը լուրջ պրոբլեմներ ունի: Ես դատարան եմ փորձել շրջափակել, ես դատական համակարգով եմ փորձել հեղափոխություն անել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ճանապարհով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը արձանագրել էր, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պետությունը խախտել է իր քաղաքացիների կյանքի իրավունքը և չի կատարել արդյունավետ քննության պարտավորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական