Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը անդրադարձել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությանը։
«Բոլորս ցավով ականատես եղանք «Իրական Հայաստանի» արդարադատության իրականացմանը։ Ցավոք, ստիպված եմ կրկին ասել՝ արդարադատությունն իրականացվում է ավտոկրատիկ ռեժիմի ձևավորած մթնոլորտում»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Միքայել սրբազանի մեղավորությունն այն է, որ նա եկեղեցու հոգևորական է, և նպատակ կա նրան պատժել։ Ըստ արքեպիսկոպոսի՝ գործի մեջ միայն մեկ նախադասություն կա՝ «պատժել, ծնկի բերել»։
Նա հիշեցրել է Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերդիկտի վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությունը և շեշտել, որ չեն ընդունում սրբազանի մեղավորությունը․ «Առավել ևս, համոզվեցի, երբ այսօր մեղադրող կողմը միանգամից 2.5 տարվա ազատազրկում պահանջեց», - նշել է նա։
Արքեպիսկոպոսը հավելել է. «Այսօր թե՛ մեղադրող կողմը, թե՛ դատավորը ունեն զավակներ։ Իմ աղոթքն առ Աստված այն է, որ նրանց զավակները կյանքի ընթացքում երբեք չբախվեն այնպիսի արդարադատության հետ, ինչպիսին իրականացնում են իրենց ծնողները»։