Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Ըստ առաջարկի՝ 1-6-րդ դասարանցիներին արգելվելու է դասաժամերին, միջոցառումների և նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս։ Անհրաժեշտության դեպքում աշակերտը կարող է բերել այն դպրոց, սակայն դասի սկզբում կհանձնի դասղեկին և կվերցնի միայն ավարտին։
Նաև առաջարկվում է մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև՝ առաջադիմության որակը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում այս նախաձեռնությունը. «Կարծում եմ՝ այն պետք է ավելի վաղ ընդունվեր։ Ցանկալի է, որ ողջ հանրապետությունում գործի, բայց Երևանի օրինակը մնացածին էլ մտածելու տեղիք կտա»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ երեխաները դիմում են տարբեր խորամանկությունների՝ 2 հեռախոսով են գալիս, մեկը հանձնում են, մյուսը պահում, և, ցավոք, ոչ միշտ են ուսուցիչները հետևողական լինում. «Դպրոցներն էլ պետք է խստապահանջ լինեն, քանի որ Հայաստանում կա կանոնները շրջանցելու մտածելակերպ, և հիմա շատ խորամանկ երեխաներ կմտածեն ձևեր»,- ընդգծել է նա։ Բացի այդ, կարևոր է բացատրական աշխատանքը երեխաների շրջանում՝ նրանց ցույց տալու, որ հեռախոսների օգտագործումը խանգարում է ուսման գործընթացին։
Փորձագետի համոզմամբ՝ միջազգային փորձը ցույց է տավելս, որ այնտեղ, որտեղ արգելվել է բջջայինի օգտագործումը, առաջադիմության որոշակի աճ է արձանագրվել։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը ևս դրական է գնահատել այս որոշումը՝ իր ֆեսբուքյան էջում գրելով. «Ֆրանսիայի դպրոցներում ուղղակի արգելված է հեռախոսի օգտագործումը մինչ 10-րդ դասարան։ Երեխաները հեռախոսները պետք է անջատած պահեն իրենց պայուսակներում կամ պահարաններում։ 2018-ից գործող այս սահմանափակումը լայն դեբատների տեղիք տվեց Ֆրանսիայում, բայց արդյունքում բոլորը բավարարված են։ Դրա փոխարեն երեխաների և ծնողների համար ստեղծված են միասնական և անխափան գործող հավելվածներ (երեխայի առաջադիմությանը և դպրոցին առնչվող հայտարարություններին հետևելու համար)»։
Ըստ նրա՝ կարելի է ակնկալել, որ դրական փոփոխություններ կարձանագրվեն նաև Երևանի դպրոցներում, եթե սահմանափակումները արդյունավետ ներդրվեն։
Սահմանափակումների ներմուծումը չի վնասի երեխաների հոգեկան վիճակին. հակառակը, այն կարող է դրական ազդեցություն ունենալ։ Աշակերտները կարող են հեռախոսը դպրոց բերել, բայց դասերի ժամանակ այն հանձնել, իսկ բացառիկ դեպքերում՝ օգտագործել ընդմիջման ժամանակ, շտապ զանգեր կատարելու կամ այլ անհրաժեշտության դեպքում։ Դասղեկները կկարողանան վերահսկել և լուծել այդ հարցերը՝ պահպանելով ուսումնական գործընթացի որակը։