Հասարակություն

Նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի նախագահության շրջանակում

Նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի նախագահության շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ` ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի նախագահության շրջանակում։

Նախարարն ընդգծել է, որ մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել այս համաշխարհային համաժողովը։ Հայաստանը նախագահությունը ստանձնում է վճռականությամբ՝ առաջնորդվելով ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և գործնական քայլերի արժեքներով։

Նա նշել է, որ Հայաստանի նպատակն է համախմբել ոչ միայն կառավարություններին, այլև բնիկ ու տեղական համայնքներին, երիտասարդներին, կանանց, քաղաքներին ու տարածաշրջաններին, գիտնականներին, բիզնեսին ու ֆինանսական կառույցներին՝ մեկ միասնական համայնք ձևավորելու համար՝ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանության։

Այս նպատակով, մինչ COP17-ը, Երևանում նախատեսվում է կազմակերպել տարածաշրջանային երկխոսություն, տեխնիկական խորհրդակցություններ և pre-COP միջոցառումներ։

Հայաստանը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի խոստումները վերածվեն իրական գործողությունների, իսկ գործողությունները՝ վերականգնված էկոհամակարգերի։
Երևանը պատրաստ է բաց դռներով ողջունել աշխարհին և դառնալ կամուրջ՝ էկոհամակարգերի, երկրների և կայուն ապագայի տեսլականների միջև։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական