Հոկտեմբերի 2-6-ն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալու է սամբոյի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։ Տարվա կարևորագույն մարզական միջոցառմանը լավագույնս ներկայանալու համար Հայաստանի սամբոյի հավաքականը տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Գյումրիում։
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել հավաքականի մարզիկների և մարզչական կազմի, այդ թվում՝ հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի և պատանիների, երիտասարդների հավաքականի մարզիչ Հայկ Ավետիսյանի հետ։
Հանգամանալից ամփոփվել է կատարված աշխատանքը, տրվել են վերջին ու կարևոր խորհուրդները, կարևորվել են մարզիկների ֆիզիկական, հոգեբանական, կարգապահական ընդհանուր պատրաստվածությունը և պատասխանատու վերաբերմունքը ցանկացած գոտեմարտի, ցանկացած մարզական դրվագի հանդեպ, որն էլ, ըստ էության, ուսումնամարզական հավաքի գլխավոր նպատակն էր։
Հայկական սամբոյի պատասխանատուները վստահ են, որ մեր պատանի ու երիտասարդ մարզիկները պատրաստ են չեմպիոնության և մրցանակների համար դժվարին պայքարին։