Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դահլիճում տեղի է ունեցել Սրբոց Յակոբեանց միաբանության ընդհանուր ժողովի 16-րդ նիստը։ Նիստին մասնակցել է միաբանության 28 անդամ։ Իր խոսքում Պատրիարքը միաբան հայրերին կոչ է արել ավատարիմ մնալ Հայոց Եկեղեցու Սուրբ Աթոռին, գործել եղբայրական միաբանությամբ և միասնաբար դիմակայել եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին։
Նիստը ամբողջությամբ նվիրված էր «Կովերի պարտեզ» կոչվող եկեղեցական կալվածքի վարձակալության հարցին։ Քննարկվել են նաև համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումները և դատական գործի մանրամասները։ Երկար ու լուրջ քննարկումներից հետո ժողովն ընդունել է մի շարք որոշումներ։
- Վերահաստատել 2021 թ. հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 15-ի միաբան հայրերի հայտարարությունները, որոնցով կալվածքի վարձակալության գործարքը ճանաչվել էր անօրինական։
- Պաշտոնապես հայտարարել, որ 2021 թ. հուլիսի 8-ին կնքված վարձակալության պայմանագիրը անօրինական է, հակասում է եկեղեցական կանոններին և չի կարող համարվել վավեր, քանի որ չի վավերացվել ընդհանուր ժողովի կողմից։
- Մերժել հաշտարարի միջոցով առաջարկված հավելյալ պայմանները և համաձայնագրի վերջնական տարբերակը։
- Ստեղծել հինգ հոգևորականից կազմված հանձնախումբ, որը փաստաբանների հետ համատեղ կշարունակի դատական գործընթացը՝ պայմանագրի չեղարկման պահանջով։