Հասարակություն

Ի՞նչ հարցեր են քննարկվել Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովում

Ի՞նչ հարցեր են քննարկվել Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մաշտոցի անվան Մատենադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ, Մատենադարանի երկարամյա աշխատակից Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջան։ Միջոցառումը նախաձեռնել ու բարձր մակարդակով կազմակերպել էր Մատենադարանի տնօրինությունը։

Գիտական զեկուցումները վերաբերում էին հայագիտության այն բնագավառներին, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի ուսումնասիրությունների առարկան են եղել, այն է՝ միջնադարում հայ-ասորական հարաբերություններին, Կիլիկյան Հայաստանի պատմությանը, հայ ինքնուրույն և թարգմանական մատենագրությանը։

Նստաշրջանի մասնակիցների թվում էին արտասահմանյան նշանավոր գիտնականներ՝ Ալեքսանդր Խոսրոևը (ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտ), Իգոր Դորֆման Լազարևը (Սոֆիայի համալսարան), Էնդի Հիլկենսը (Վիեննայի համալսարան), Կլոդ Արմեն Մութաֆյանը (Ֆրանսիա), գիտնականներ Մատենադարանից, ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից։

Նստաշրջանը ողջույնի խոսքով բացել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի գիտական ժառանգությունը համապարփակ ելույթով ներկայացրել է պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։

Նստաշրջանին, բնականաբար, ներկա էր հոբելյարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախագահը ջերմ շփումների առիթ է ունեցել իր վաղեմի գիտնական գործընկերների, մյուս մասնակիցների հետ։

Նստաշրջանի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանի տնօրինությանը, շնորհակալությամբ հիշել իր ուսուցիչների և գիտնական գործընկերների անունները, մի քանի մանր հուշապատումներ փոխանցել Մատենադարանի տարիներից։

Ի դեպ, Մատենադարանում բացվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Առաջին նախագահի գրքերը, նաև՝ գրքեր ու վավերագրություններ նրա քաղաքական, գիտական գործունեության մասին, ցուցադրված էին հանդիպումներից լուսանկարներ, իր ստորագրությամբ փաստաթղթեր։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական