Հասարակություն

Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են․ քննիչ

Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են․ քննիչ

«Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ Արծրուն Գրիգորյանը բուժօգնություն է ստացել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։

Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ և առաջնահերթ ապացուցողական և վարութային բոլոր գործողությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են նմուշառումներ։ Հայտնաբերվել են կրակված պարկուճներ՝ 18 հատ, որոնք ևս վերցվել և առգրավվել են։

Ըստ քննիչի՝ դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են․ «Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական։ Հարցաքննվել են մի շարք վկաներ, և շարունակաբար կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ»,-ասել է նա։

Արտակ Հովհաննիսյանը նշել է՝ տեսանկարահանող սարքերը տեսագրել են դեպքը. «Հենց դրա հիման վրա էլ նշեցի, որ դիմակավորված անձն է ինքնաձիգով կրակահերթ արձակել։ Այդ ամենը հենց տեսանկարահանող սարքերի ուսումնասիրության, զննության արդյունքում են վեր հանվել և ի հայտ եկել»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ, կա մեկ վիրավոր։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական