ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզի Նաիրի համայնքում մասնակցել է երեք մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը, որոնք կառուցվել են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Մարզպետ Ահարոն Սահակյանի, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, ավագանիների հետ նախ այցելել են Պռոշյան բնակավայրի մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և նախատեսված է շուրջ 120 երեխայի համար։ Ծրագրի արժեքը կազմում է 240 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հաջորդը Արագյուղի մանկապարտեզն էր, որը նույնպես կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Արագյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, սակայն արդեն այսօր բնակավայրի 70-ից ավել երեխաներ կարող են մանկապարտեզ հաճախել իրենց գյուղում։ Ծրագրի արժեքը կազմում է 102 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Երրորդ մանկապարտեզը Բուժական բնակավայրում էր. երկհարկանի, ամբողջությամբ նոր այս մանկապարտեզն արդեն գործում է։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար, սակայն այս պահին հաճախում է շուրջ 70 երեխա: Վերոնշյալ բոլոր մանկապարտեզների հարակից տարածքները բարեկարգվել են, կառուցվել են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։