Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում գործող «Հայասա» գործարանից 2 քաղաքացի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ նշված գործարանից, որը ավելի շատ հայտնի է «կիր»-ի գործարան, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Կարապետ Մ.-ն և 64-ամյա Արսեն Ա.-ն։Տեղում պարեկները ու ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այդ գործարանում նոր սարքավորումներ տեղադրելու ժամանակ վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղի միջից՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և զամբյուղը, որի միջից ընկել են։ Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։