Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կա՞ն տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները հստակ տեղեկություններ ունեն դեպքի վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակվում։