Հասարակություն

Հայկ Խալաթյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Հայկ Խալաթյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու, լրագրող Հայկ Խալաթյանը հայտարարել է, որ չի վերցնի պատգամավորական մանդատը։

«Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։

Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։

Համոզված եմ, որ այն գործընկերս, ով կվերցնի մանդատը, ոչ պակաս պատասխանատվությամբ և նվիրումով կներգրավվի մեր պայքարում՝ արժանապատիվ և ազատ հայրենիքի համար։

Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, աջակցել են, պայքարել են կողքիս։ Ձեր վստահությունը իմ ամենամեծ պարտավորությունն է»,- գրել է նա իր էջում։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում Հայկ Խալաթյանին հաջորդում է ՀՅԴ-ական Պետրոս Մեղրյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական