Սամվել Շահրամանյանն անդրադարձել է «Հայաստանի պատմություն - 9» դասագրքի հետ կապված դատարան ներկայացրած հայցին։ Նա նշել է, թե այդ դասագրքում կեղծիք է տեղ գտել, ինչն էլ վիճարկում են։
Հարցին՝ ինչն է կոնկրետ կեղծիք համարում, նա նշել է. «Ես որ չմանրամասնեմ՝ ինչ է տեղ գտել, կարող եմ ընդհանուր ասել, որ դա չի արտացոլում իրականությունը։ Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկություն, և մենք դատական պրոցեսների ընթացքում կներկայացնենք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որ կհիմնավորեն մեր ասածները»։
Նշենք, որ դատական հայցը վերաբերում է դասագրքում տեղ գտած հետևյալ նախադասության դեմ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»։ Նա ցանկանում է հերքել այդ նախադասությունը՝ հայցում որպես հիմնավորում բերելով. «Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ ...Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը»։