«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀԷՑ-ի 70% բաժնետիրոջ ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսևորում, խորհուրդ տվել արգելել ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին գլխավոր տնօրենի տեղակալ-իրացման տնօրեն Դ. Ղազինյանին այսուհետ մասնակցելու ՀԷՑ-ին առնչվող հարցերով ասուլիսների, ճեպազրույցների և հարցազրույցների։
«Վերջինս իր մերկապարանոց, անհիմն և մանիպուլատիվ պնդումներով քանիցս փորձ է անում հանրությանն ու լրատվամիջոցներին մատուցելու խեղաթյուրված և կանխակալ «տեղեկատվություններ», դրանով գուցե ջանալով արդարացնել ՀԷՑ-ում գրեթե երկու տասնամյակ ձգված նախկին պաշտոններում իր գործուն «անգործությունն» ու փորձելով քողարկել իր մակերեսային տեղեկացվածությունն ու միջակ գիտելիքներն էներգետիկական ու կառավարման ոլորտներում՝ մասնավորապես, ՀԷՑ-ին առնչվող պարզ-կառավարչական կարողությունների առումով։ Սակայն այդ կերպ նախկին պաշտոնյան ոչ միայն «արջի ծառայություն» է մատուցում իր նախկին գործատուներին, այլև ուղիղ ռեպուտացիոն ռիսկեր է գեներացնում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերի համար, ում նկատմամբ մեր հանրության մոտ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենագլխավորն է՝ ինչպե՞ս են այդ մասշտաբի խոշոր գործարարներն այս անձին վստահել ՀԷՑ-ի նման կարևորագույն ռազմավարական ընկերությունում նման ազդեցիկ պաշտոններ, ընդհուպ մինչև՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը։
Փաստորեն, գուցե այդքան «թքած են ունեցել» ՀԷՑ-ի վրա…
Եվ մեկ կարևոր հորդոր Նարեկ Կարապետյանին՝ առաջարկում եմ հարց ուղղել և փորձել պարզել տվյալ սուբյեկտից, թե ինչո՞ւ է վերջինս իր ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում խուսափել ստորագրել ՀԷՑ-ի 2025 թվականի Ներդրումային ծրագրի կատարողական-ակտերը, որոնք ներկայացրել են նույն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող կամ սեփականատերերի ու բարձր ղեկավարության հետ ուղիղ փոխկապակցվածություն ունեցող կապալառու ընկերությունները. արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նույնիսկ ինքը՝ «Տաշիր»-ի սեփականատերերի վստահությունը վայելող ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր պաշտոնավարման ընթացքում չի վստահել նույն «Տաշիր» խմբի փաստացի մաս հանդիսացող ընկերություններին և նրանց կատարած աշխատանքի դիմաց պատրաստ չի եղել իր ստորագրությամբ ֆինանսավորում իրականացնելու ՀԷՑ-ից…
Ես այդ հարցի պատասխանն այլևս ունեմ, սակայն շատ կցանկանայի, որ իրենք՝ «ՀԷՑ» ՓԲԸ սեփականատերերն էլ ստանային սպառիչ պատասխաններ իրենց «վստահելիներից»՝ ելնելով սեփականատերերի օրինական շահերի նկատմամբ իմ ունեցած ինստիտուցիոնալ հանձնառությունից…
Հավելեմ նաև, որ որպես «ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին ուղղված աշխատանքային հանդիպման հրավերս դեռևս մնում է ուժի մեջ. ՀԷՑ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու, որոնք հավաստիացնում եմ, շատ կարևոր են հենց վերջինիս համար՝ որպես սեփականատիրոջ օրինական ներկայացուցիչ և ընկերության կառավարման մարմիններից մեկի ղեկավար։
Այդ հարցերի թվում են, օրինակ, ՀԷՑ-ի ձեռք բերումից ի վեր՝ գրեթե 10 տարի շարունակ, տարեկան շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ բաց թողնված լրացուցիչ շահույթի հնարավորություններն առկա ռեսուրսներով ու այդ «բացթողումի» պատճառների ու պատասխանատուների վերհանման անհրաժեշտությունը։
Վստահ եմ՝ այդ մասին ՀԷՑ-ի սեփականատերերին ընկերության գործադիր կառավարման օղակի տարբեր ռանգի ղեկավարներից կամ գլխավոր տնօրենի վերջին պաշտոնակատարից որևէ մեկը չի զեկուցել, և նրանք «գուցե» չեն տիրապետում ՀԷՑ-ում այդ և նմանատիպ այլ «մութ» դրվագների ու կատարված բազմաթիվ ֆինանսատնտեսական գործառնությունների փաստերին, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն հակասել են ինչպես ՀՀ պետական ու հանրային շահին, այնպես էլ սեփականատերերի օրինական շահերին։
Հ.Գ. Այսօր լրանում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կարգավիճակում իմ գործունեության երկու ամիսը. առաջիկայում մամուլի ասուլիսի ձևաչափով կխոսենք ՀԷՑ-ին առնչվող կարևորագույն փաստերից, գործընթացներից, բազմաթիվ բացահայտումներից ու գնահատականներ կտանք՝ փաստարկված, ստուգված, ապացուցված…
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- ասվում է գրառման մեջ։