Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Որոշումը պայմանավորված է «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը և հետևողական զարգացմանը ողջ սպորտային կենսացիկլի ընթացքում՝ կերտելով միջազգային մակարդակի առաջնակարգ մարզիկներ, հասնել սպորտի՝ որպես մասնագիտության զանգվածայնացմանը, բարձրացնել Հայաստանում ակումբային ֆուտբոլի նշաձողը և սեփական օրինակով խթանել դրա շարունակական զարգացմանը, գրանցել նշանակալի ձեռքբերումներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում, նախապայմաններ ստեղծել և աճեցնել բարձր մասնագիտական հմտություններով օժտված պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը կհասցնեն նոր, դեռևս երբևէ չգրավված բարձունքների, Հայաստանում ունենալ միջազգային մրցաշարերի անցկացմանը հարիր մարզադաշտ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ֆուտբոլային ենթակառուցվածքները հանդիսանում են նաև դպրոցաշինության գործընթացում մեր պարտադիր բաղադրիչը և նորակառույց բոլոր դպրոցներում, որտեղ կա հողի հնարավորություն, անպայման ուղեկցվում է ֆուտբոլային դաշտով»: Ժաննա Անդրեասյանի խոսքով, բոլոր համալիր քայլերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ցանկալի արդյունքները, որոնք ներառված են թե՛ սպորտի ռազմավարության, թե՛ Հայաստան 2050 ռազմավարության մեջ:
Այս համատեքստում վարչապետն ընդգծել է սպորտի ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության կարևորությունը՝ նշելով. «Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. շախմատով թող զբաղվեն, ֆուտբոլով, ըմբշամարտով, ծանրամարտով, թենիսով, բոլոր հնարավոր սպորտաձևերով: Դպրոց առանց սպորտդահլիճի՝ չկա դպրոց»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կրթական ծրագիրն առանց ֆիզիկական մարմնակրթության հատվածի, կիսատ է: