Դասագրքերում QR կոդերի ավելացումը տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել։ Շատ ծնողներ մտահոգված են, որ դրանց կիրառումը երեխաներին ստիպում է ավելի հաճախ օգտագործել հեռախոսները և շեղվել դասընթացից։ Մի մասը, սակայն, համաձայն չէ՝ պնդելով կրթության մեջ ևս ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտության մասին։
«Ինքնին, QR կոդերի առկայությունը բացասական բան չէ, նորմալ է, ամբողջ խնդիրը բալանսը պահելն է»,-Radar Armenia-հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ընգծելով որ տարբեր երկրներում փորձ է արվել ամբողջությամբ հրաժարվել տպագիր դասագրքերից և անցնել միայն էլեկտրոնայինի, սակայն փորձը ձախողվել է, քանի որ երեխաները շատ ավելի վատ են սովորել էկրանից։
Խաչատրյանի կարծիքով՝ տպագիր դասագրքի դերը անփոխարինելի է, իսկ QR կոդերը պետք է գործեն որպես լրացնող միջոց՝ հնարավորություն տալով երեխաներին դիտել այնպիսի տեսանյութեր, գծագրեր կամ լսել աուդիո նյութեր, որոնք տպագիր դասագրքով հնարավոր չէ փոխանցել. «QR կոդի իմաստը տեքստ կարդալը չէ, այլ այն, ինչը տպագիր դասագրքով հնարավոր չէ ներկայացնել»։
Միևնույն ժամանակ, Խաչատրյանը զգուշացնում է՝ պետք է խուսափել երեխաներին ավելի շատ դեպի էկրան ուղղորդելուց, քանի որ նրանք արդեն իսկ մեծ ժամանակ են անցկացնում հեռախոսի առջև։ Նրա կարծիքով՝ կարևոր է պահպանել հավասարակշռությունը և ուշադրությունը կենտրոնացնել գրքի ու տեքստի կարդալու վրա։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, սակայն, հակառակ կարծիքին է՝ վստահ լինելով, որ ծնողների մտահոգությունները հիմնավորված են. «Մտահոգությունը, իսկապես, այդպես է և ոչ միայն ծնողների, այլև՝ ուսուցիչների։ Դա շատ ծնողների մոտ առաջացնում է նաև ֆինանսական դժվարություններ, քանի որ ոչ բոլոր հեռախոսները կարող են կարդալ և ինտերնետի հասանելիություն ունենալ, և եթե երեխան պահանջի, շատերը կարող են այդ հնարավորությունը չունենան»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով անարդարությունը և անհավասարությունը կրթության մեջ անթույլատրելի է։
Նրա խոսքով՝ QR կոդերը պարունակում են նաև անվտանգային ռիսկեր, քանի որ դրանք ուղղորդում են ինտերնետային հղումների, որոնք հնարավոր է կոտրել կամ փոխարինել վտանգավոր բովանդակությամբ. «Ինձ թվում է՝ QR կոդերը ուղղակի պետք է հանել դասագրքերից»։
Այնուամենայնիվ, Մխիթարյանը նշում է, որ արդի կրթությունը պետք է քայլ պահի ժամանակի հետ համընթաց։ Նրա կարծիքով՝ ուսուցիչները նախ պետք է պատրաստվեն նորարար մեթոդների կիրառմանը, իսկ ներկայումս նրանք նման պատրաստվածություն չունեն։
Լիլիթ Աբրահամյան