«Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական նախագիծը պատրաստ է։ Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է մանրամասն աշխատանքային նախագիծ, որի նախապատրաստման համար ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցման՝ ասել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Radar Armenia-ն հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է Քաջարանի թունելի կառուցման մրցույթը, և ե՞րբ կհայտարարվի հաղթողի մասին։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ թունելի շինարարության ծրագրի շրջանակում շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի և մոտ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հայտերը բացվել են 2025 թվականի օգոստոսի 22-ին, և ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում. «Ընթացքի մեջ է նաև տեխնիկական հսկողության միջազգային մրցույթը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականին և ավարտել 6 տարվա ընթացքում»,-նշել է նախարարությունը։
Անդրադառնալով նաև Սիսիան-Քաջարան 3-րդ՝ հյուսիսային հատվածի կառուցման աշխատանքներին՝ ՏԿԵՆ-ն ընդգծել է, որ ճանապարհի շինարարության տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում ստացվել են հետաքրքրվածության հայտեր, որոնք գտնվում են գնահատման փուլում. «Միջազգային մրցույթները նախատեսված են հայտարարել 2025 թվականի չորրորդ եռամսյակում, և արդյունքների ամփոփումից հետո կստորագրվեն համապատասխան պայմանագրերը»։