Հասարակություն

1998թ. եղածը ռազմական հեղաշրջում էր. Աջապահյան

1998թ. եղածը ռազմական հեղաշրջում էր. Աջապահյան

Աստծուն փառք եմ տալու, որ իմ կենսագրությունը հարստացրեց վերջին 80 օրերի այս փորձությամբ. հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում ունեցած պաշտպանական ելույթում։

Նրա խոսքով՝ քրեական վարույթի ու դատաքննության նպատակն իրեն վարկաբեկելն էր, որ հանրությանը ցույց տան՝ այսքան տարի հարգված հոգևորականն ընդամենը սովորական հանցագործ է։ Մինչդեռ, ըստ նրա, արդյունքում հակառակ էֆեկտն եղավ։

Նա ասել է, թե արդարադատության հույսեր չի ունեցել. «Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից՝ բացահայտ, անթաքույց, որը մտնում է ընդհանուր եկեղեցահալած քաղաքականության մեջ».- ասել է նա։

Աջապահյանը նշել է, որ, քննադատությամբ հանդերձ, իրենք պետության կողքին են եղել։

Նա մեկնաբանել է, թե ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում ասելով, նաև նշել է, որ 1998թ. նախագահի հրաժարականը եղել է ռազմական հեղաշրջում. «Ի՞նչ եմ հասկանում ռազմական հեղաշրջում ասելով՝ այն, ինչ տեղի է ունեցել 1998թ.։ Այդ ժամանակ եղածը ռազմական հեղաշրջում էր, ինչով ուզում ես՝ փաթաթիր, որովհետև ռազմական գերատեսչությունները ներկայացնող մարդկանց մասին նախագահն էլ ասաց՝ ձեզ հայտնի ուժերի պահանջով հրաժարական եմ տալիս։ Այդ օրվա ռազմական գերատեսչությունների պահանջով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Որևէ մեկը դատվե՞լ է 1998թ. ռազմական հեղաշրջման համար, որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Ոչ»։

Հիշեցնենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական