Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 29-ին. ժամը 5-ից 6․30-նն ընկած ժամանակահատվածում պատուհանի ցանցը բացելու միջոցով մուտք էին գործել Մամիկոնյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկն ու գողացել բջջային հեռախոսներ:
Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Բնակարանային գողության հաջորդ դեպքը գրանցվել էր օգոստոսի 5-ին: Հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ Միքայելյան փողոցում գտնվող իր տնից գողացել էին 100 դոլար և 6 բջջային հեռախոս:
Այս դեպքով ևս քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել է Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 11-ին Իսակովի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախաքննությունը շարունակվում է: