Այսօր սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Երևանի պետական համալսարանից հայտնում են՝
Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, երբ օրգանիզմի արձագանքը վարակին հանգեցնում է սեփական հյուսվածքների և օրգանների վնասմանը։ Դա կարող է բերել ցնցումների, բազմապրոֆիլ օրգանների անբավարարության, հաշմանդամության և մահվան, հատկապես երբ հիվանդությունը ուշ ախտորոշվում է կամ ժամանակին բուժում չի իրականացվում։
«Հերացի» վերլուծական կենտրոնն է անդրադարձել թեմային:
Հարկ է նշել, որ սեպսիսը վարակիչ հիվանդությունների մեծ մասի մահվան հիմնական պատճառն է, ներառյալ բակտերիալ, վիրուսային և սնկային ախտածիններ, ինչպես նաև մակաբույծներ (մալարիայի հարուցիչներ): Այն հանդիսանում է 5-ից 1-ի մահվան պատճառը: Չնայած նվաճումներին` սեպսիսից 30 օրվա ընթացքում մահացությունը բարձր է մնում նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի (33.7%) և Եվրոպայի (32.5%) զարգացած երկրներում: Բացի այդ, սեպսիս ունեցող անձինք հաճախ բախվում են կրիտիկական վիճակի երկարաժամկետ հետևանքների, որոնք փոխում են կյանքի որակը և մասնագիտական խնամքի, վերականգնման կարիք ունեն:
2012թ.-ին սեպսիսի դեմ պայքարի գլոբալ դաշինքի կողմից նախաձեռնվել է սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է 170 երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այս համատեքստում առողջապահության ազգային մարմինները, քաղաքականություն մշակողները, հետազոտողները, բուժաշխատողները, քաղաքական գործիչները, նորարարները, փաստաբանները, սեպսիսից փրկված անձինք, բժշկական ուսանողները սեպտեմբերի 13-ին նշում են սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը: 2024թ.-ին սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը նշանավորվեց մինչև 2030թ.-ը սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրակարգի պատմական հռչակմամբ:
Այս տարվա համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «5 ՓԱՍՏ, 5 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»: Այն ընդգծում է սեպսիսի մասին հինգ հիմնական ճշմարտություն և հինգ հրատապ միջոցառումներ, որոնք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել:
Անդրադառնանք սեպսիսի վերաբերյալ 5 փաստերին:
Փաստ 1. սեպսիսը համարվում է վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ մեկը մահանում է սեպսիսից: ԱՀԿ-ի գնահատմամբ տարեկան արձանագրվում է 48.9 միլիոն սեպսիսի դեպք, իսկ մահվան դեպքերը կազմում են 11 միլիոն: Օքսֆորդի համալսարանի մասնագետների գնահատմամբ 2021թ.-ին սեպսիսից մահացել է 21 միլիոն մարդ, այդ թվում 4 միլիոնը՝ հակամանրէային կայունության պատճառով։
Փաստ 2. Սեպսիսն հիմնականում ազդում է առավել խոցելի խմբերի վրա: Սեպսիսի գլոբալ բեռի 85%-ը կենտրոնացած է հարավում, ներառյալ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում` Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում, որտեղ բուժօգնությունը սահմանափակ հասանելիություն ունի: Չնայած դրան` այն շարունակում է մնալ հիվանդանոցային մահացության հիմնական պատճառը նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Սեպսիսի ազդեցությունից հատկապես խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները, որոնց շրջանում արձանագրվում է տարեկան 20 միլիոն սեպսիսի դեպք, ներառյալ նորածինները: Կանայք, տարեցները և իմունանբավարարություն ունեցող անձինք նույնպես ենթակա են բարձր ռիսկի:
Փաստ 3. Սեպսիսից մահվան դեպքերի մեծ մասը կարելի է կանխել: Սեպսիսի կանխարգելումը իմունիզացիայի, սանիտարահիգիենիկ միջոցառումների, հակահամաճարակային ռեժիմի և այլնի միջոցով կենսական նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, սեպսիսի կասկածների դեպքերի վաղ հայտնաբերումը փրկում է մարդկանց կյանքեր: Հակաբիոտիկներով բուժման հետաձգման յուրաքանչյուր ժամը 0.4-7%-ով մեծացնում է մահվան ռիսկը:
Փաստ 4. 194 երկրներից միայն 15-ում է ներդրումներ կատարվում սեպսիսի կանխարգելման համար: Չնայած այն հանգամանքին, որ սեպսիսի գլոբալ բեռը տարածվում է բոլոր երկրների վրա և պատասխանատու է ամբողջ աշխարհում մահվան դեպքերի 20%-ի համար, միայն երկրների 15%-ը ունեն քաղաքականություն և գործողությունների ծրագրեր դրա դեմ պայքարելու համար: Ողջունելի է 180 երկրների ազգային ծրագրերը պայքարելու հակամանրէային կայունության (ՀՄԿ) դեմ, քանզի սեպսիսից մահվան կարևոր պատճառը բազմադեղակայուն շտամներն են: Սեպսիսի դեմ պայքարի միջոցառումները կյանքեր են փրկում և նվազեցնում առողջապահական ծախսերը:
Փաստ 5. Ավելի լուրջ միջոցներ են անհրաժեշտ սեպսիսի գլոբալ առողջապահական բեռը նվազեցնելու համար: Կայուն զարգացման նպատակները մինչև 2030թ.-ը չեն կարող հասնել առանց բարելավման: Սեպսիսի դեպքերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և արդյունավետ բուժումը արտացոլում է որակյալ գործող առողջապահական համակարգը` սկսած առաջնային օղակից մինչև ինտենսիվ թերապիա և վերականգնում: Կարևոր է նաև նշել, որ համաճարակային պատրաստվածությունը պահանջում է ավելի կտրուկ միջոցներ սեպսիս դեմ պայքարելու համար: Նշենք, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող Covid-19 հիվանդների շուրջ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս: Արտակարգ իրավիճակների ժամանակ այս խնդրին բախվում են առողջապահության ոլորտի մասնագետները, ռազմական և մարդասիրական անձնակազմը` սեպսիսի զարգացման մեծ ռիսկով:
Ներկայացնենք սեպսիսի կանխարգելման համար առաջարկվող հրատապ 5 գործողությունները` ուղղված երկրների կառավարությանը, առողջապահության համակարգին, բուժաշխատողներին, համայնքներին և ԶԼՄ-երին:
Գործողություն 1. յուրաքանչյուր երկրում մշակել արդյունավետ և ճշգրիտ քաղաքականություն, որոշել միջոցառումների առաջնահերթությունը և ներդնել ֆինանսական միջոցներ սեպսիսի դեմ պայքարի միջոցառումներում:
Գործողություն 2. ցանկացած երկրում մշակել սեպսիսի դեմ պայքարի վերաբերյալ ազգային ուղեցույցներ (պրոտոկոլներ) և կրթել բուժաշխատողներին:
Գործողություն 3. առողջապահության մասնագետները պետք է սահմանեն գործողությունների առաջնահերթությունը, իրականացնեն անհրաժեշտ հետազոտություններ դեպքերի վաղ հայտնաբերման և վաղ բուժման համար:
Գործողություն 4. բարձրացնել իրազեկվածությունը` իրականացնել ակտիվ տեղեկատվական արշավներ` ներառելով ԶԼՄ-ներին, որոնք կարող են մեծ դեր ունենալ սեպսիսից կյանքեր փրկելու համար:
Գործողություն 5. համաճարակի և արտակարգ իրավիճակների ժամանակ տալ առաջնահերթություն սեպսիսի կանխարգելման միջոցառումներին:
Այսպիսով, մինչև 2030թ.-ը սեպսիսի դեմ պայքարի գլոբալ օրակարգը առաջին բազմամյա ռազմավարական տեսլականն է` ուղղված սեպսիսի առողջապահական և տնտեսական զգալի բեռի թեթևացմանը, ԱՀԿ անդամ պետությունների և շահագրգիռ կողմերի համաձայնեցված ջանքերի միջոցով: