ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ 52-ամյա Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, նախապատրաստել է զավթել իշխանությունը։ Նա, չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, 2025թ․ ընթացքում նախապատրաստել են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, սակայն չի կարողացել իրականացնել հանցագործությունը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (սպանության նախապատրաստությունը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)»,-հայտնեցին կոմիտեից։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։