Հասարակություն

Հայտնի է՝ որտեղ են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները. «Ազատություն»

Հայտնի է՝ որտեղ են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները. «Ազատություն»

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:

Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է:

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված՝ Սյունիքի ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվի ոչ թե Տավուշից, ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, այլ՝ Սյունիքից: Այս հարցին ևս ուղիղ չեն պատասխանել՝ դարձյալ շեշտելով, որ այս հարցը ևս քննարկման փուլում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական