Գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։
Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։
Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։ Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել էինք «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ դիտարկելու կենտրոնի ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալու համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկներին։
Հիշեցնեմ, որ COP 17 համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը: