«Այս գործընթացում շատ որակումներ են հնչել, և այդ որակումների առնչությամբ իրավական գործընթաց ենք սկսելու, քանի որ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման շուրջ ընթացող խոսակցություններին, որոնք որակվել են որպես վանդալիզմ։
Նրա խոսքով՝ պատասխանատվություն պետք է կրեն այն բոլոր անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող և նպատակաուղղված այդ գործունեությունն իրականացնող անձինք: «Առաջիկայում կլինեն համապատասխան հայցեր, և արդյունքում կտեսնենք, թե այդ որակումներից որն է և որքանով է համապատասխանում իրականությանը»:
Նախարարը նաև պարզաբանել է, թե ի՞նչ է տեղի ունենում Ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում:
«Տեղի է ունենում շատ պարզ բան. ավելի քան 60 տարիների ընթացքում մենք այստեղ չենք ունեցել վերանորոգում, ունեցել ենք լրջագույն խնդիրներ ջրահեռացման հետ կապված, որոնք, եթե ժամանակին լուծված լինեին, այսօր այդ խնդիրները չէինք ունենա։
Բացի դրանից, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ 2015-ին իրականացվել են աշխատանքներ՝ հապճեպ, առանց հաշվի առնելու շատ խնդիրներ։ Այսօր մենք ունենք խնդիր, որ թանգարանի 10-ամյա շենքում հարցեր կան, որոնք չպետք է լինեին, որովհետև 10 տարին շատ քիչ ժամանակ է նման խնդիրների առաջացման համար։
Մենք այսօր փորձում ենք մեր կարևորագույն հուշարձանը բերել պատշաճ տեսքի, որովհետև այդտեղ ամեն ապրիլի 24-ին բազմահազար մարդիկ են այցելում, և ո՞վ էր պատասխան տալու, եթե այդտեղ մույթերից որևէ սալ պոկվեր։ Հիմա դա արվում է օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- նշել է նա։