ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նրա բնորոշմամբ՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ: Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվի կոմիտեի մշակած լեզվական քաղաքականության հայեցակարգը:
Աժ-ում քննարկվող փաթեթով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է կարգավորել առաջնային խնդիրները. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եզրույթների կանոնարկման գործընթացին: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և այդ գործընթացի կազմակերպման միջոցով»:
Նա ընդգծել է, որ այս ընթացքում բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ամենատարբեր բնագավառներում երկրի համար կարևորագույն գործընթացների հասկացությունների սահմանման, դրանց միատեսակ օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պաշտոնական հանդիպումներում թարգմանությամբ խոսելու անհրաժեշտությանը:
«Լեզվական քաղաքականության հայեցակարգը ներառում է, թե ինչ է նշանակում՝ սահմանել պետական լեզու: Մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ և ինչպես ենք պատկերացնում դրա իրացման մեխանիզմները»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ դեռևս նախորդ տարվանից մեկնարկել է հայերենի առցանց ստուգման և իմացության մակարդակների սահմանման համակարգը։ Մակարդակները մշակված են, այժմ մշակվում են առաջադրանքներ՝ ստուգելու հայերենի իմացությունը թվային տիրույթում։
«Մենք առանձին գործիքակազմ ենք ներդնում, որն առաջինը կիրառում ենք դպրոցներում։ Դա ընթեռնելիության ինդեքսն է, որն օգնում է նաև հասկանալ, թե հայերենն ինչքանով է հասկանալի տարիքային տվյալ խմբին՝ հոգեբանության և մանկավարժության տեսանկյունից: Սա կիրառվելու է նաև մնացած ոլորտներում»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: