Հասարակություն

Մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է ավտոտնակում էլեկտրամոբիլ լիցքավորելու սարք ունենալ

Մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է ավտոտնակում էլեկտրամոբիլ լիցքավորելու սարք ունենալ

Գործնականում էլեկտրամոբիլների լիցքավորման գործընթացում առկա են բարդություններ, որոնք հաճախ հանդիպում են հատկապես բազմաբնակարան շենքերում: Բնակիչն իր ավտոկայանատեղիում ավտոմեքենան լիցքավորելու համար պետք է դիմի էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգը միացման վճարի դիմաց էլեկտրական ցանցին միացնելու համար, ապա կնքի էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով եւս դառնալով առանձին բաժանորդ: Նշվածը ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար:

Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտնել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ քննարկման ներկայացնելով իր, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Օրինագծով առաջարկվում է ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որն էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ եւ նշված օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ: Նախատեսվում է նաեւ հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառելու նաեւ սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի միմյանց միացումը:

«Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ ցանկացած սպառող, նույն օրենքի եւ շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք: Ինքնավար էներգաարտադրողը վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառողն է, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր եւ տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 150 կՎտ-ը: Հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ մինչեւ 2022 թվականի մայիսի մեկը ինքնավար էներգաարտադրողների սահմանափակող շեմը եղել էոչ թե 150 կՎտը, այլ` 500 կՎտը: Ստացվում է իրավիճակ, երբ միեւնույն կարգավիճակը ունեցող, սակայն տարբեր հզորությունների կայաններ շահագործող արտադրողներից մեկը կարող է ինքնաբերաբար՝ իր կարգավիճակից հրաժարվելու ուժով, դառնալ մեծածախ շուկայի մասնակից, իսկ մյուսը՝ այդ շուկային մասնակցելու համար պետք է գործող իրավակարգավորումների համաձայն՝ ստանա էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա: Փոփոխությամբ առաջարկվում է թույլ տալ նախկին կարգավորումներով գործողներին եւս օգտվելու ինքնավար ազատականացված շուկայից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ էլեկտրամոբիլներից օգտվող քաղաքացիներին պետք է իրենց մեքենաները լիցքավորելու հնարավորություն տալ: Չժխտելով, որ տեխնիկական անվտանգության մասով կան խնդիրներ՝ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է՝ վերահսկողությունը պետք է պատշաճ իրականացվի:

Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել էլեկտրամոբիլների լիցքավորման գործընթացում տեխնիկական անվտանգության չափորոշիչների ապահովմանը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, հնարավոր ռիսկերին, էլեկտրամոբիլներին նման արտոնություն տրամադրելու նպատակահարմարությանը եւ այլ խնդիրների:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ մեր երկիրը հետեւում է քաղաքաշինական նորմերին, ԵԱՏՄ-ի ու միջազգանորեն ընդունված տեխնիկական եւ անվտանգային չափորոշիչներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական