Հասարակություն

2024-ին ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը

2024-ին ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը

Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քննարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներառում է երկու փաստաթուղթ` 2025 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը եւ 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախ խոսել է 2024 թվականի զարգացումներից՝ ներկայացնելով այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է Կենտրոնական բանկի կողմից կառուցված մակրոտնտեսական սցենարների եւ 2025 թվականի դրամավարկային ծրագրի հիմքում:

Ըստ հաղորդման՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը. 12-ամսյա գնաճն առաջին եռամսյակում շարունակել է նվազել, իսկ այնուհետեւ աստիճանաբար ավելացել է՝ երկրորդ կիսամյակից ձեւավորվելով դրական տիրույթում: Գնաճի նման վարքագծին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված ազդեցությունները եւ ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:

Տարվա ընթացքում դիտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է համախառն պահանջարկի աստիճանական ճշգրտման եւ աշխատաշուկայում լարվածության թուլացմամբ: Ստեղծված իրավիճակում 2024 թվականին ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.25 տոկոսային կետով:

Արդյունքում՝ հաշվետու եւ դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության եւ արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճը 2024 թվականի առաջին եռամսյակում շարունակել է նվազել՝ փետրվարին հասնելով իր նվազագույն՝ -1.7 տոկոս մակարդակին, այնուհետեւ աստիճանաբար ավելացել է եւ տարեվերջին կազմել 1.5 տոկոս: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ցուցաբերել է նմանատիպ վարքագիծ. մինչեւ փետրվար նվազել է՝ կազմելով -0.7 տոկոս, այնուհետեւ ավելացել է՝ տարին ավարտելով 0.9 տոկոս մակարդակով:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ մասնավորապես անդրադառնալով կանխիկ գումարի շրջանառության, ֆինանսական համակարգի տարաբնույթ խնդիրներին, արտահանման նվազմանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը խոսել է վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների մասին, ներկայացրել առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական