Առողջապահության նախարարության և Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի իրազեկման» արշավ, որի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ վարքագծի ձևավորումը։ Այս մասին տեղեկացնում են Սիսիանի համայնքապետարանից։
Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով։ Մասնակիցներն առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից քայլերթ են իրականացրել դեպի Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակ, որտեղ էլ անցկացվել է հիմնական միջոցառումը։
Սիսիան համայնքի մի շարք դպրոցներ մասնակցելով իրազեկման արշավին՝ տաղավարներում պատրաստել են առողջ սննդի տարբեր օրինակներ և հյուրասիրել բոլորին։ Տեղի են ունեցել մի շարք մրցույթներ, որտեղ դպրոցահասակ երեխաներն իրենց ուժերն են փորձել տարբեր մարզական խաղերում։
Տաղավարներում մասնակիցները հնարավորություն ունեին մանրամասն ու գործնական գիտելիքներ ստանալու հենց մասնագետներից՝ ճնշման չափումից, գլյուկոզի որոշումից ընդհուպ մինչև մարմնի զանգվածի ինդեքսի որոշում։ Միջոցառման երաժշտական հատվածն ապահովել են «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները։