Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել են, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային են մոտեցել 2 անձինք, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։ Դա տևել է շուրջ 20 րոպե։
Տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ երեխային ծեծի ենթարկողներն են Երևանի բնակիչներ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։ Նշվում է, որ մինչ այժմ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրանց։