Լրացումներով Քրեական օրենսգրքում կսահմանվի պատասխանատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Արմեն Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի, էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձեւերի վերաբերալ:
Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Ընդգծելով առջարկվող լրացումների ընդունման անհրաժեշտությունը՝ նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարեւորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը հատկապես բռնության ենթարկված անձանց պատշաճ պաշտպանություն ցուցաբերելու համար: