Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել, ըստ որի՝ Ադրբեջանում ավարտվել է Հայաստանում բնակություն հաստատելու համար շուրջ 100 հզ. «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը։ Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի վերջնանպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։
Թաթոյանի հրապարակած տեղեկությունները, սակայն, հերքվեցին. CivilNet-ը պարզել է, որ չկա որևէ պաշտոնական տեղեկություն, որը կհաստատեր նախկին ՄԻՊ-ի գրառումը։
Մեկնաբանության ստանալու համար Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել Արման Թաթոյանի հետ, հասկանալու՝ ինչու է կեղծ տեղեկություններ տարածել և 2 տարվա վաղեմության պատմությունը ներկայացրել որպես նոր ծրագիր։ Սակայն Թաթոյանի հետ կապվելու մեր բոլոր փորձերն անհաջող անցան։
Նրա գրասենյակից էլ միայն նշեցին, որ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է նախկին հրապարակումը։ Իսկ ըստ այդ հրապարակման՝ «իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իր փաստարկված կարծիքը», և «Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից»։
Իսկ թե ինչու էր մի քանի տարվա վաղեմության տեղեկությունը որպես նոր հրամցվում՝ ապակողմնորոշելով ու մոլորեցնելով հանրությանը, այդ մասին ոչ մի խոսք։