Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվեց մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու որոշումը:
Նախագիծը նպատակ ունի արժևորել մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնել գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը և ստեղծել բարենպաստ միջավայր: Դրամական խրախուսումը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին, որոնք ներկայացնում են երկիրը միջազգային հեղինակավոր փառատոներում կամ մրցանակաբաշխություններում և արժանանում մրցանակի: Խմբային արդյունքների դեպքում գումարը հավասարաչափ բաժանվում է անդամների միջև, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ կառույցի որոշմամբ:
Նախագծի համաձայն՝ դրամական խրախուսման չափը հիմնված է սպորտի ոլորտի մրցանակների համակարգի վրա, ամսական 660 հազար դրամի չափով՝ համեմատելի օլիմպիական մրցանակի հետ: