Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վիգեն Տոնոյանին և Կարեն Պետրոսյանին են մոտեցել քաղաքացիներ և հայտնել, որ իրենց ընկերն իրեն վատ է զգում և խնդրել են ուղեկցել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ, նախ մոտեցել են ավտոմեքենային, տեսել որ քաղաքացին գունատ է և ինքնազգացողությունը վատացել է։
Պարեկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներն են կատարել իրենց վստահված պարտականությունները և փրկել են նրա կյանքը։
Քաղաքացու ընկերները նշել են, որ պարեկների ու բժիշկների շնորհիվ այլևս իրենց ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում ու եթե մի փոքր հապաղեին, ապա հնարավոր է ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։ Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 25-ամյա Արթուր Օգանեսյանն է, ով «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոն է։