Հասարակություն

Հայաստանում կա տնտեսական աճի մեծ ներուժ. Գալյան

Հայաստանում կա տնտեսական աճի մեծ ներուժ. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված Երրորդ ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը։ Կառավարությունն ունի այն ընկալումը, որ ժամանակակից ներդրումային միջավայրը կառուցվում է ոչ միայն համարձակ գաղափարների և տնտեսական հնարավորությունների, այլև՝ վստահության վրա։ Այս ուղղությամբ առաջնորդությունը ստանձնել է Արդարադատության նախարարությունը, որը տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնում է ոլորտային բարեփոխումները։

Սրբուհի Գալյանի խոսքով Հայաստանում կա տնտեսական աճի մեծ ներուժ և պետական քաղաքականությունը հետևողականորեն պետք է ուղղված լինի վստահելի ու ներդրումներին նպաստող միջավայրի ձևավորմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությանը, այլ լուծվում են բարձր վստահության և պրոֆեսիոնալիզմի պայմաններում։

Խոսելով հաշտարարության ոլորտի օրենսդրական նորարարությունների մասին՝ նախարարը նշել է, որ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարություն, ինչպես նաև գործարկվել են առցանց հաշտարարության գործիքները, և արդեն իսկ գրանցված արդյունքները ոգևորիչ են:

Ամփոփելով ելույթը՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ այս միջոցառումն ու առաջիկա օրերին նախատեսված քննարկումները դառնալու են նոր գաղափարների և նախաձեռնությունների հարթակ՝ օգտակար ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և զարգացումների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական