Հասարակություն

123 բողոք՝ զորակոչի ընթացքում. պետական մարմիններին առաջարկներ են ներկայացվել

123 բողոք՝ զորակոչի ընթացքում. պետական մարմիններին առաջարկներ են ներկայացվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:

41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։

2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ, քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:

Պաշտպանի աշխատակազմն ամառային զորակոչի ընթացում շարունակել է զորակոչին առնչվող հարցերով հստակ մեթոդաբանությամբ մի քանի ուղղություններով աշխատանքը,
մասնավորապես՝

Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:

Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:

Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:

Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:

Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև տարեկան հաղորդմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական