Հասարակություն

Կհեշտացվի էլեկտրամոբիլների լիցքավորման գործընթացը

Կհեշտացվի էլեկտրամոբիլների լիցքավորման գործընթացը

Վերջին տարիներին պետական համապատասխան քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված, նույն քաղաքականությանը համահունչ առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման եւ գործընթացի դյուրացման անհրաժեշտություն: Այս մասին ասել է Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ. անձինք ազատ են վերաբերելի այլ օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ ընդգծելով, որ գործող «Էներգետիկայի մասին» օրենքում  չկա այդ մասին հստակ դրույթ: Նշվել է, որ այս առնչությամբ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ: Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով եւս դառնալով առանձին բաժանորդ: «Նշվածը ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը: Առաջարկվող կարգավորմամբ հստակ հնարավորություն կստեղծվի սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաեւ սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում:

Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողների համար հնարավորություն կստեղծվի նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով մասնակցել էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային՝ խթանելուվ էլետրաէնեգետիկական շուկայում մրցակցությունը եւ ընդլայնելով դրա մրցակցային հատվածում առեւտրի մասնակիցների շրջանակը:

Նշված կարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը եւ սպառողների համար կհեշտացվի գործընթացը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական