«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիրե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 1-ի հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նախ շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ապա հանձնաժողովը սկսել է հարցի քննարկումը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ նախագիծն արդյունքահեն վարկային ծրագիր է՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը:
Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից և համահունչ է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,3 եվրո արժողությամբ վարկ՝ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի իրականացման համար: Այն կաջակցի Հայաստանին բարելավելու բժշկական օգնության և սպասարկման որակը:
Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով` առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում ու ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:
Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ ծրագիրը մշակվել է վերջին երկու տարվա ընթացքում, որին զուգահեռ իրականացվել են նախանշված ցուցանիշների ապահովմանն ուղղված մի շարք քայլեր: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացրելով պարզաբանումներ համաձայնագրով նախանշված քայլերի, ծրագրով սահմանված՝ 7 մասնահանման հետ կապակցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերազինմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ենթակառուցվածքներն առողջապահական բժշկական ծառայությունների որակի ապահովման գլխավոր հիմնաքարերից են: Ըստ համաձայնագրի՝ 24 բժշկական հաստատություններ պետք է կառուցվեն կամ վերակառուցվեն նոր չափանիշներին համապատասխան, որի համար նախատեսվել է 16,76 մլն եվրո:
Խոսելով առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման մասին՝ Լենա Նանուշյանը նշել է, որ ծրագրով կիրականացվի բժիշկների լիցենզավորման գործընթացը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով:
Վերջում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը: