ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ դպրոցներում դասերը ավելի վաղ՝ ժամը 8:30-ի փոխարեն 8:15-ին սկսելու որոշումը վերաբերում է միայն Երևանին:
«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը, և խոսքը վերաբերում է բացառապես Երևանի քաղաքապետարանին: Մարզերի դպրոցները մինչ այս էլ աշխատում էին այլ ռեժիմով, քան Երևանի դպրոցները: Եթե Երևանի դպրոցները դասերը սկսում էին 8:30-ին, մարզերում դպրոցները սկսում են ժամը 9:00-ից, այսինքն՝ մինչ այս էլ կար ոչ միատեսակ սկիզբ Երևանում և մարզերում»,- ասել է նախարարը: Ըստ նրա, կրթական տարբեր հաստատությունների համար կա ոչ միատեսակ սկիզբ. «Նպատակ կար կառավարել տրանսպորտային հոսքերը: Բուհերում դասերը սկսվում էին 9:30-ին, դպրոցներում՝ 8:30-ին»:
Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ից Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն 8:15-ից. «Ես չեմ կարծում, որ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական գործընթացի համար, բայց սա կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար և թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին: Բոլորովին օգտակար չէ, երբ երեխան դպրոցի ճանապարհին տևական ժամանակ անցկացնում է մեքենայում, որովհետև հասնում է դպրոց ավելի հոգնած, ավելի շատ խնդիրներ է ունենում կենտրոնանալու, ուշադրության և մյուս առումներով»: