«Երբ դուք ինձ հարց եք տալիս, թե դասագրքի էջերը ողողված են ինչ-որ բնույթի լուսանկարներով, դուք առնվազն պետք է այդ դասագիրքը մի անգամ թերթած լինեք և տեսնեք լուսանկարները»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը ողողված է գործող վարչապետի լուսանկարներով ու ելույթներով։
Նրա խոսքով՝ այն ինչ ասվում է, չի համապատասխանում իրականությանը. «Ես կարող եմ որևէ պատասխան չտալ ու ուղղակի թերթել, և դուք կտեսնեք բոլոր լուսանկարները, և դա ձեզ ցույց կտա մի պարզ բան՝ այն, ինչ ասում եք, չի համապատասխանում իրականությանը»։
Անդրեասյանը շեշտել է, որ սա ոչ թե որևէ մեկի կարծիքն է, այլ՝ փաստ. «Ես խնդրում եմ, որ փաստերի մասին խոսենք փաստերով»։