Հասարակություն

Կարմիր եզրագծերով ներկայացված լինելը դեռևս խնդիր է․ Մեխակ Ապրեսյան

Կարմիր եզրագծերով ներկայացված լինելը դեռևս խնդիր է․ Մեխակ Ապրեսյան

Վերջերս վարչապետը հայտարարել է՝ տուրիզմը ապրում է իր լավագույն ժամանակները։ Ս․թ․ մայիս-հուլիս ամիսներին զբոսաշրջիկների թիվը մեծ է եղել։  Radar Armenia-ի հարցին՝ ո՞րն է հիմնական գործոնն այս աճի մեջ, և որքանով է այն կայուն, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց․

«Ես, իհարկե, առաջին հերթին պայմանավորում եմ կատարված աշխատանքով, և այստեղ պետք է նշել զբոսաշրջության կոմիտեի դերը։ Իհարկե, նաև բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, մասնավորի, համայնքների համայնքների դերը»։

Նրա խոսքով՝ կայունությունը կարևոր է, և դրա պահպանման համար անհրաժեշտ են նոր քայլեր. «Որպեսզի այդ կայունությունը պահպանվի, անելիքներ կան ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարկետինգային քաղաքականության առավել ակտիվացման առումով, քանի որ դա այն է, ինչ զբոսաշրջության կոմիտեն է անում սահմանափակ ռեսուրսների պայմաններում»,-ասաց նա և հավելեց, որ պետք է ռեսուրսները ընդլայնել։

Ապրեսյանը նաև ընդգծեց, որ դեռ խնդիր է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը և միջազգային շուկաներում Հայաստանի ներկայացվածությունը. «Նպատակային շուկա հանդիսացող ամերիկյան, եվրոպական, ճապոնական երկրներում կարմիր եզրագծերով ներկայացված լինելը դեռևս խնդիր է, բայց վերջին իրադարձությունների ֆոնին, հնարավոր է, դրանք արդեն իրենց լուծումը ստանան»։ Ըստ նրա՝ Հայաստանում կազմակերպվող տարբեր մարզ-մշակութային միջոցառումները, փառատոններն ու միջազգային կոնֆերանսները գալիս են ապացուցելու, որ բազմաթիվ երկրներից եկող զբոսաշրջիկները Հայաստանում անհոգ ու ապահով են զգում։

Որպեսզի զբոսաշրջությունն ավելի շատ զարգանա, կոմիտեի նախագահը կարևորում է համատեղ աշխատանքը. «Մենք պետք է համատեղ աշխատենք։  Բայց եթե հանգստանանք ու ասենք՝ վերջ, աճ ունեցանք, ամեն ինչ լավ է, սխալ կլինի: Դա շատ լավ է, բայց պետք է դրա կայունությունն ապահովել, իսկ կայունության համար անհրաժեշտ է համատեղ աշխատենք»։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական