Հասարակություն

Մենք չենք վերահսկում, որ շատ քիչ խախտումներ արձանագրվեն, այլ ֆիքսում ենք․ Անուշ Հարությունյան

Վերջին շրջանում հանրային սննդի մի շարք կետերում արձանագրված խախտումները մտահոգություն են առաջացրել սպառողների շրջանում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքը հիմնված է հստակ օրենսդրական և իրավական նորմերի վրա, որոնք սահմանում են սննդի արտադրության, իրացման և մատուցման բոլոր կանոնները․ «Մենք չենք վերահսկում, որ շատ քիչ խախտումներ արձանագրվեն, այլ ֆիքսում ենք յուրաքանչյուր խախտում։ Բոլոր տեսակի օրենսդրական փաթեթներով, իրավական ակտերով սահմանված է, թե ինչպես պիտի աշխատի հանրային սննդի կետը»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվեղ աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ իրենք չպետք է հետևեն՝ այդ պահին խախտու՞մ են, թե՞ ոչ․ «Ցանկացած պահի կարող է խախտում լինել, մեր ստուգման հաջորդ օրն էլ կարող են խախտում թույլ տալ։ Մենք ամեն ստուգումից հետո փորձում ենք հասկանալ՝ որքանով են շտկել ու նորմալացրել իրավիճակը, և եթե նորմալ չէ, կասեցվում է»,- ասաց նա և հավելեց՝ եթե ապրանքի մեջ հայտնաբերվել է մանրէաբանական խախտում, կասեցվում է, ապա՝ ժամանակ տրվում շտկման համար։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք  խախտումների նվազեցման համար մոնիտորինգային մեխանիզմներ իրականացվում են հանրային աննդի կետերում, նա նշեց՝ ո՛չ․ «Հանրային սննդի օբյեկտներում մոնիտորինգ չի արվում, միայն՝ ստուգում։ Բուսասանիտարական և անասնաբուժական մոնիտորինգը մեզ մոտ է նախատեսված, իսկ հանրային սննդի օբյեկտներում կատարվում է վերահսկողություն»։ Ա․ Հարությունյանի խոսքով՝ տվյալ օբյեկտում ստուգում իրականացվում է բողոքի հիման վրա։ 

Լիլիթ Աբրահամյան